2025
Ռուսական կայսրության հայաշատ երկրամասերից էր Բաքվի նահանգը: 19-րդ դարի կեսերից, կապված նավթի արդյունահանման և վերամշակման հետ, նահանգի բնակչության թիվը զգալիորեն ավելացավ։
1886 թ. ընտանեկան ցուցակների տվյալներով՝ Բաքվի նահանգի բնակչությունը կազմում էր 712․703 մարդ, որից հայերը՝ 55․459: Ըստ 1897 թ. Համառուսաստանյան առաջին մարդահամարի՝ նահանգն ուներ 828․511 մշտական և 826․716 առկա բնակչություն: 1886 թ. մինչև 1897 թ. ընկած ժամանակահատվածում նահանգի բնակչության թիվն ավելացել էր 118․621-ով: Աճը հիմնականում մեխանիկական բնույթ էր կրում։ Նավթարդյունաբերության զարգացմամբ պայմանավորված՝ արագ տեմպերով ավելանում էր Բաքու քաղաքի բնակչությունը, որը 1897 թ. կազմում էր նահանգի ողջ բնակչության 20 %-ը:
Բաքվի նահանգն ուներ խայտաբղետ էթնիկ կազմ: 1897 թ. Համառուսաստանյան առաջին մարդահամարի տվայլներով՝ նահանգում բնակվում էր ավելի քան 50 ազգություն: Ամենամեծ էթնիկ տարրը թաթարներն էին՝ 485․146 մարդ, այնուհետև՝ թաթերը՝ 89․519 մարդ, ռուսները (մալոռուսներ և բելոռուսներ)՝ 77․681 մարդ, հայերը՝ 52․233 մարդ, թալիշները՝ 34․994 մարդ և այլն: Նահանգում բնակվում էին նաև ուդիներ, վրացիներ, պարսիկներ, քրդեր, չերքեզներ, լեզգիներ, ավարներ, թյուրքական լեզվաընտանիքին պատկանող այլ խմբեր՝ թուրքմեններ, բաշկիրներ, ղրղզներ, ինչպես նաև՝ հրեաներ, եվրոպական մի քանի ազգերի ներկայացուցիչներ և այլք:
Հայերի թիվը 1886-1897 թթ. ենթարկվել էր քանակական փոփոխության՝ 55․459-ից դառնալով 52․233: Հայերը հիմնականում կենտրոնացած էին Բաքվի (12,3 %), Գյոկչայի (11.03 %) և Շամախիի (11,7 %) գավառներում: Բաքվի նահանգում հայ բնակչությունը մեկ տասնամյակում պակասեց 3․226 մարդով: Հայ բնակչության նվազումը գլխավորապես պայմանավորված էր մահմեդականների անհանդուրժողական վերաբերմունքով, ինչի հետևանքով էլ հայերը ստիպված հեռանում էին:
Բաքվի նահանգի գավառների հայ բնակչության թիվը, ըստ 1897 թ. մարդահամարի տվյալների, ուներ հետևյալ պատկերը՝
N |
գավառներ |
Բնակչության թիվը |
Հայերի թիվը |
Տոկոսային հարաբերությունը |
1 |
Բաքվի |
182897 |
22583 |
12,34 % |
2 |
Գյոկչայի |
117705 |
12994 |
11,03 % |
3 |
Ջևատի |
90043 |
699 |
0,77 % |
4 |
Ղուբայի |
183242 |
1191 |
0,64 % |
5 |
Լենքորանի |
130987 |
483 |
0,36 % |
6 |
Շամախի |
121842 |
14283 |
11,72 % |
|
Ընդամենը |
826716 |
52233 |
6,32 % |
Բաքվի նահանգի գավառային կենտրոնների հայ բնակչության թիվը, ըստ 1897 թ. մարդահամարի տվյալների, ուներ հետևյալ պատկերը՝
N |
Կենտրոններ /քաղաք/ |
Բնակչության թիվը |
Հայերի թիվը |
Տոկոսային հարաբերությունը |
1 |
Բաքու |
111904 |
19099 |
17,06 % |
2 |
Գյոկչա |
2201 |
296 |
13,44 % |
3 |
Սալյան |
11787 |
108 |
0,91 % |
4 |
Ղուբա |
15363 |
807 |
5,25 % |
5 |
Լենքորան |
8733 |
299 |
3,42 % |
6 |
Շամախի |
20007 |
2515 |
12,57 % |
|
Ընդամենը |
169995 |
23124 |
13,6 % |
Բաքվի նահանգում հայերի թիվը զգալիորեն մեծ էր Բաքու քաղաքում (17,6 %): Այն գլխավորապես պայմանավորված էր նավթարդյունաբերության զարգացմամբ ու դրանում մասնավորապես հայ խոշոր նավթարդյունաբերողների (Պ. Տեր-Ղուկասովի, Միրզոյան եղբայրների, Ա. Մանթաշյանի և այլոց) գործունեությամբ:
Հատկանշական է, որ Բաքվի առևտրական և արդյունաբերական ձեռնարկություններում հայերի մասնակցությունը կազմում էր 31 %: Հայերը հիմնականում մասնակցություն ունեին առևտրական խոշոր ձեռնարկություններում ու նավթարդյունաբերության մեջ: Հայերին էր պատկանում նաև Բաքվի նահանգի քաղաքային անշարժ գույքի արժեքի 41,1 %-ը, մինչդեռ մահմեդականներին էր պատկանում միայն 36 %-ը՝ այն էլ հողի սեփականության տեսքով:
Պայմանավորված մահմեդական բնակչության գերակշիռ թվաքանակով՝ Ռուսական կայսրության նահանգների մեջ գրագիտության մակարդակով Բաքվի նահանգ ուներ ցածր ցուցանիշ և զբաղեցնում էր վերջին տեղերից մեկը: Գրագիտության բարձր մակարդակով աչքի էին ընկնում ռուսները, հրեաներն ու հայերը:
Հավելենք, որ թյուրքալեզու էթնիկ խմբերի մեծ մասը նստակյաց չէր, և դրանց շարքում «ադրբեջանցի» տարր չկար: